Մագիստրատուրայում սովորելու երկու տարիները հիմնավորապես փոխեցին իմ կյանքի որակը ՝ գլխի վրա շուռ տալով մինչ այդ եղած պատկերացումներս գրականության և փիլիսոփայության մասին։ Լինելով Լրագրության ֆակուլտետի շրջանավարտ, ես գիտակցված որոշում կայացրի ուսումս շարունակել Բանասիրության ֆակուլտետի Արտասահամանյան գրականության ամբիոնում։ Ընդունելության քննություն վերցնողը, ամբիոնի վարիչն ու (ինչպես նաև հետո պարզվեց) իմ մագիստրոսական թեզի ղեկավարը պոետ, թարգմանիչ և գրականագետ Հենրիկ Էդոյանն էր։ Արդեն մագիստրատուրան ավարտելու օրն իսկ՝ թեզիս պաշտպանության մի քանի ժամերի ընթացքում ես հասկանում էի, որ ընկեր Էդոյանն իմ Ուսուցիչն է եղել իրականում, երջանկահիշատակ Կորյուն Խումարյանից հետո՝ երկրորդը։
Ընկեր Էդոյանի հետ կապված լուսավոր ու գեղեցիկ հիշողություններ ունեմ։ Պատմեմ դրանցից մեկը։ Երբ ողջ կուրսով իր հետ քննարկում էինք թեզի թեմաները, այսինքն, ընկեր Էդոյանը կարդում էր ուսանողի անուն, ազգանունն ու հանձնարարում էր թեզի թեման, որի վրա երկու տարի պետք է աշխատեինք, իմ անունին հասնելով՝ էլի ինչ-որ բան իրար խառնվեց, ինչպես որ միշտ է լինում ինձ հետ։ Ես, ինչպես բնորոշ է ինձ, (այն էլ 22 տարեկանում՝ ինձ) որոշեցի ընկեր Էդոյանին ինքս առաջարկեմ իմ թեզի թեման։ Ասեցի՝ «Ընկեր Էդոյան, կլինի՞ ինձ ֆրանսիական էքզիստենցիալիզմի թեմայով թեզ հանձնարարեք, խնդրում եմ»։ Էդոյանը խեթ - խեթ նայեց վրաս, գլուխը տարուբերեց ու մի քանի վայրկյան լռելուց հետո ասեց. «Աղջիկ ջան, դու ո՞ւմ ես հիմարի տեղ դրել։ Մի տեղ գրած մի բան ունես, ուզում ես բերես ասես՝ թե՞զս է…»։
Խոստովանում եմ՝ նեղացա։ Շատ նեղացա։ Որովհետև գրած բան չունեի։ Ասեմ ավելին՝ նույնիսկ կարգին չգիտեի էլ, թե ի՞նչ բան է էքզիստենցիալիզմը, բայց, քանի -որ ինձ շատ դուր էր եկել Քամյուի վերարկուով նկարը ու Սարտրի «Սրտխառնուքի»-ի մասին էպիկական կարծիքներ էի լսել, բայց չէի կարդացել, իսկապես ուզում էի խորապես ուսումնասիրել այդ գրողների կյանքը, ստեղծագործական ուղին, գրականագիտական և փիլիսոփայական հայացքները։ Մի խոսքով, շատ էի ուզում ու մտածում էի միայն թեզի վրա երկար ու մանրակրկիտ աշխատանքն ինձ այդ հնարավորությունը կտա։ Ինչևէ, նեղացած դեմքս թեքեցի պատուհանի կողմը, որ հանկարծ ընկեր Էդոյանը չտեսնի լցված աչքերս, ու մինչև դասի վերջ դեմքս մնաց այդ դիրքով. «Ամբողջ կուրսի առաջ պորտս տեղը դրեց, բայց անարդար էր»,- մտածում էի ես ու կուլ տալիս կոկորդում հավաքված արցունքներս։
Այս անհաջողությունից հետո, ընկեր Էդոյանն ինձ թեմա չհանձնարարեց, այլ սահուն անցում կատարեց մյուս ուսանողներին։ Այդպես՝ մինչև դասաժամի ավարտը։ Արդեն զանգին մի քանի րոպե էր մնացել, ընկեր Էդոյանն անդրադարձավ ինձ. «Աղջիկ ջան, դու կգրես Քամյուի և Սարտրի փիլիսոփայական վեպերի համամետական վերլուծությունը։ Թեզիդ ղեկավարն էլ ես եմ լինելու։ Լավ կաշխատես»։ Խոսքն ավարտեց թե չէ՝ զանգը խփեց։ Ոնց որ հատուկ կնիքով հաստատվեր՝ իմ համար բարդ է լինելու։
Երկու տարի աշխատեցի թեզի վրա։ Էլ կրիչ չէի թողել, որ չուսումնասիրեի։ Կարդացել էի հեղինակների բոլոր գրական ստեղծագործությունները՝ էսսեներից մինչև վեպեր։ Գնացել հասել էի Կիերկեգորից մինչև Նիցշե, ավարտել Սարտրով ու Քամյուով։ Ընկեր Էդոյանը խիստ էր, բայց իր ղեկավարությամբ թեզի վրա աշխատեցի մեծ ոգեշնչվածությամբ, ամբողջությամբ կլանելով նրա յուրաքանչյուր դիտարկումն ու ուղղումը։
Էքզիստենցիալիզմի մասին խորը գիտելիքները փոխեցին իմ աշխարհայացքը։ Արդեն 24 տարեկանում ես բոլորովին այլ կերպով սկսեցի վերլուծել երևույթները, կյանքը, մեծ իմաստով, նույնպես։ Էքսիզտենցիալիզմի փիլիսոփայական վերլուծությունը խորը հետք թողեց իմ աշխարհընկալման վրա, իսկ գրականագիտական էքզիստենցալիզմը անխնա հղկում և հղկում էր իմ ճաշակը՝ այդ երևույթի ամենալայն իմաստով։ Թեզիս պաշտպանությունն ավարտվեց ընդդիմախոս Արա Առաքելյանի անսպասելի հայտարարությամբ. «Սա միակ դեպքն է, երբ ես՝ որպես ընդդիմախոս, ընդդիմախոսելու ոչինչ չունեմ»։
Ընկեր Էդոյանը հպարտ դեմքով նստած էր հանձնաժողովի անդամների շարքում, իսկ ես երջանիկ էի, որ ամեն ինչ հենց այսպես ավարտվեց։ Միայն ավելացնեմ, որ ո՛չ դպրոցում սովորելու, ո՛չ ուսանողական տարիների ընթացքում ես նման հաջողություն երբեք չէի ունեցել։ Այսպես ասած՝ գերազանցիկ ես երբեք չեմ եղել, հիմա էլ չեմ ու չեմ էլ լինելու երբեք։ Դա տեսակի հարց է։ Ես այդպիսին չեմ։ Էքզիստենցիալիստական աբսուրդն ու բարձրագուն փիլիսոփայական ճշմարտությունն այլ տեղում էր՝ դասական դասախոսից Ուսուցչի վերածվելու ճանապարհն էր դա, որ ընկեր Էդոյանը համբերատար մեծահոգությամբ կերտել էր իմ համար մագիստրոսական երկու տարիների ընթացքում, ինչի մասին ես գլխի ընկա թեզի պաշտպանության ամենավերջին րոպեներին միայն։
Այսօր էլի Քամյու էի կարդում։ «Սիզիփոսի առասպել»-ը։ Արդեն երրորդ անգամ։ Առաջին անգամ, սակայն, միայն հասկացա, որ Սիզիփը երջանիկ էր։ Իրականում Սիզիփոսը երջանիկ է եղել՝ իր ուսերին քարշ տալով անտանելի ծանր քարի կտորը։ Ես չեմ առարկում, որ ամեն ջանք անիմաստ է, ուղղակի անիմաստ։ Բայց հասկացել եմ նաև՝ մինչև մենք ինքներս մեզ համար չձևակերպենք մեր սեփական անիմաստությունը, այսինքն սեփական սիզիփիզմը, որ հենց քարի բարձրացումն էր լեռան վրայով՝ անիմաստության ամենահանճարեղ մետաֆորը, մենք չենք գիտակցելու, առավել ևս՝ չենք ապրելու մեր երջանկության ակտը։ Անհաղթահարելի է միայն նա, ով իր ուսերի վրա շարունակում է տանել սեփական քարը՝ անկախ դրա ծանրության չափերից։ Նա հաստատ ավելի կենդանի է բոլոր նրանցից, ովքեր իրենց կենդանության իմիտացիան են միայն։ Ամեն ինչ անկման մեջ է, մինչ այն պահը, երբ դու ձևակերպում ես քո սեփական նպատակն ու գնում դրա հետևից՝ որքան էլ ճանապարհը զառիվեր է, առաջ գնալը համարյա անհնարին, իսկ քարը ծանր, որ ամենաանսպասելի պահին կարող է ցած գլորվել, իսկ դու պետք է նայես գլորվող քարի հետևից, մինչև նորից չբարձրացնես, դնես քո ուսերին ու առաջ շարժվես։
Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ